Սուրբ Ծնունդ

Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն-հիմնադրամը ի սրտանց շնորհավորում է իր կայքի այցելուների Սուրբ Ծնունդը։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Ձեզ և Մեզ մեծ ավետիս: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։

 

ԲԵԹԼԵՀԵՄԻ ԱՅՐԻ ՍՈՒՐԲ ՄԱՆԿԻԿԸ

Լեռների լանջում – քարայրի խորքում

Շողում է կըրակ երկնային սիրո

Կայծերով վառված մի նորոգ կյանքի,

Շողում է կըրակ – այնտեղ հավիտյան:

Լույսը չի հանգչում,

Հույսը չի խաբվում:

Ներս մտիր այրը – հովիվ ու գառներ,

Գառների մըսուր – անշուք խանձարուր,

Ահա Մանկիկը անմեղ ու անբիծ

Ժպտում է պայծառ – սեր է մեզ շնչում.

Ահա լալիս է – այդ Նըրա սիրտն է,

Որ կյանքի շեմքից, ծաղիկ օրերից

Մարդկանց վշտերի համար ճմլվում,

Մարդկանց մեղքերին ներում աղերսում:

Անկեղծ զղջումով, մաքուր արցունքով

Խոնարհվիր, ընկե՛ր, համբուրիր Նըրան, —

Նա քեզ կըներե, Նա քեզ հույս կըտա.

Եվ դու զորացած կըրիր քո խաչը,-

Էլ շղթա չըկա,

Էլ արյուն չըկա:

 

Ավետիք Իսահակյան