Իր աշխատանքն է սկսել ԵՏՀ Կոլեգիայի նորացված կազմը

2016 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ իր աշխատանքն է սկսել ԵՏՀ Կոլեգիայի նորացված կազմը:


Այն հաստատվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահների կողմից անցած տարվա դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին:


Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ այսուհետ այդ ղեկավար մարմնում Միության յուրաքանչյուր պետություն (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ԵՏՀ Կոլեգիայի երեք անդամների (Նախարարների) փոխարեն ներկայացված կլինի երկուսով:

Այսպիսով, Կոլեգիայի անդամների թիվը փետրվարի 1-ից կկազմի 10 մարդ:

Ընդ որում, ԵԱՏՄ երկրների նախագահները պահպանել են հաջորդականությունը. ԵՏՀ նոր կազմի տասը նախարարներից ութը նախկինում ևս զբաղեցրել են նույնատիպ պաշտոններ:

Կոլեգիայի նոր դեմքը, բացի նախագահից, միայն Վերոնիկա Նիկիշինան է (Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը), ով Առևտրի հարցերով Նախարարի պաշտոնում փոխարինել է իր նախորդին՝ Անդրեյ Սլեպնևին:

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմանը համապատասխան, Հանձնաժողովում ստեղծվել է նոր պաշտոն՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար):

Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը (Հայաստանի Հանրապետություն):

Ըստ ԵԱՏՄ մասին պայմանագրի, ԵՏՀ Կոլեգիայի լիազորությունների ժամկետը կազմում է չորս տարի: